Լիբիայում ապստամբները ռազմական հանցագործություններ են կատարել. ՄԱԿ
Լիբիայի ապստամբները, որոնք նախորդ տարի կռվում էին այդ երկրի նախկին նախագահ Մուամար Կադաֆիի ուժերի դեմ, ռազմական հանցագործություններ են կատարել և հանցագործներից շատերը մինչ օրս պատասխանատվության չեն կանչվել: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Լիբիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող միջազգային անկախ հանձնաժողովի զեկույցում:
Փաստաթղթում շեշտվում է, որ ապստամբները լրջագույն խախտումներ են կատարել, ներառյալ ռազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի և մարդու իրավունքի ոտնահարում:
Նրանք կամայական սպանություններ, ձերբակայություններ, խոշտանգումներ, բռնություններ և տեղահանություններ են իրականացրել: Այս կապակցությամբ հանձնաժողովը իր մտահոգությունն է արտահայտում լուրջ խախտումներ իրականացրած ապստամբներին պատասխանատվության կանչելու փորձերի տապալման համար:
ՄԱԿ-ի փորձագետները պարզել են, որ Մուամար Կադաֆիին հավատարիմ Լիբիայի կառավարական զորքերը նույնպես մարդկության դեմ և ռազմական հանցանքներ են գործել:
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանությունը ռազմական հանցագործություն է որակում: Այս մասին հայտնել է տրիբունալի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, շեշտելով, որ սպանության համար պատասխանատվության ենթարկելու հարցը կախված է լիբիական ներկայիս իշխանություններից:









