Սևանում ջրածածկ անտառների մաքրման և էնդեմիկ ձկնատեսակների պահպանման խնդիր կա

16:52 • 02.03.12

Թեև Սևանա լճի տարածքում մաքրվել է 1049 հա ափամերձ ջրածածկ անտառ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ ցուցանիշով ինքը չի գոհանալու և առաջիկայում դեռ պետք է մաքրել ևս 347 հա անտառածածկ տարածություն:

Այս մասին նա այսօր նաև տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:
«Բացի անտառածածկ տարածություններից մաքրվել են նաև 349 շենք շինություններ: Առաջիկայում դեռ պետք է մաքրենք 169 շինություններ: Պետք է այդ աշխատանքները իրականացնենք մինչև ջրի մակարդակի բարձրացումը, քանի որ դրանից հետո ավելի շատ միջոցներ անհրաժեշտ կլինի»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը ուրախությամբ նշեց, որ եթե նախկինում Սևանի լուսաթափանցելիությունը 4-5մ, ապա այս տարի ամռանը գրանվել է 8-11մ:

Վլադիմիր Մովսիսյանն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նաև էնդեմիկ կենդանի օրգանիզմների պահպանման հարցին: Նա նշեց, որ իշխան ձկան երկու էնդեմիկ տեսակների արհեստական վերարտադրության հաջողություն են գրանցել:

«Այս ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ պետք է տանենք, հատկապես պետք է տալ ձվադրման հնարավորություն: Ձկները ձվադրում են գետերում: Դրանցից շատերի վրա ՀԷԿ-եր են կառուցված, ինչը խոչընդոտում է ձկների ձվադրմանը: Այդ ՀԷԿ-երը ձվադրման շրջանում պետք է ստեղծեն բարենպաստ պայմաններ: Հարցը պետք է դնենք այսպես. Կստեղծեք այդ հնարավորությունը ՀԷԿ-երի համար` կգործեք, չեք ստեղծի` չեք գործի»,-ասաց նա։

Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ եթե Սոթքի ոսկու հանքավայրում բնապահպանական փորձաքննության պատասխանը բացասական լինի, ապա հանքաքարի ջարդող-տեսակավորող սարքավորում այնտեղ չի տեղակայվի: Նա նաև բացառեց, որ Արարատի ոսկու վերամշակման գործարանը կտեղափոխվի Սոթք` հանքավայրին մոտ: