«Ամերիկայի ամենահզոր շերիֆը» կասկածում է Օբամայի փաստաթղթերի իսկությանը
ԱՄՆ Արիզոնա նահանգի շերիֆներից Ջո Արփայոն կասկածում է երկրի նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած փաստաթղթերի իսկությանը: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նա հինգշաբթի Օբամայի ծննդյան վկայականի փաստաթղթերի իսկության նախնական հետաքննության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում նշել է, որ նախագահի ծննդյան վկայականը կարող է կեղծված լինել:
«Ամերիկայի ամենահզոր շերիֆը» (նրան այդպես են անվանում) հայտնել է, որ ԱՄՆ վարչակարգի կողմից 2011թ.-ի ապրիլին հրապարակված Օբամայի` Հավայան կղզիներում ծնվելու մասին վկայող փաստաթղթի պատճենի ամբողջական տարբերակը «համակարգչային խարդախություն» է:
«Այս փաստաթուղթը կեղծած չարագործների անունները մեզ հայտնի չեն», - հայտարարել է շերիֆը` միևնույն ժամանակ հավելելով, որ դա նախագահի «ձեռքի գործը չէ»:
Նախագահի ներկայացուցիչները ոստիկանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեն արել:
Օբամայի` ԱՄՆ սահմաններից դուրս ծնվելու փաստի հաստատման դեպքում նա կզրկվի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Նման լուրերի հիմք է տալիս այն, որ Օբամայի հայրը եղել է քենիացի ուսանող, նաև մանուկ հասակում Օբաման մի քանի տարի մոր և խորթ հոր հետ բնակվել է Ինդոնեզիայում:
Լուրերը հերքելու համար, Օբաման առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակել էր իր ծննդյան վկայականի հակիրճ տարբերակը, իսկ 2011թ.-ի ապրիլին` փաստաթղթի ամբողջական տարբերակը:
Աշնանը շերիֆ Արփայոն հայտարարել էր, որ անցկացնում է նախնական հետաքննություն` Օբամայի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը պարզելու համար: Քննադատները նշում են, որ նա այդ կերպ փորձում է շեղել հասարակության ուշադրությունն իր հասցեին հնչող մեղադրանքներից:
Նա, մասնավորապես, կասկածվում է սեռական բնույթի հանցագործությունների մասին լռելու մեջ: Ինքը հերքում է նման մեղադրանքները:









