Առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն էր, որի պատճառով էլ խորտակվել և խորտակվում են այդ նավերը. Վահան Հովհաննիսյան
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ երեկ ՀԱԿ հանրահավաքում Լևոն- Տեր Պետրոսյանի ելույթի այն հատվածին, թե երկրորդ նախագահը խորտակված նավ է, իսկ երրորդ նախագահը խորտակվող, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն էր, որի պատճառով էլ խորտակվել և խորտակվում են այդ նավերը»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:
Խոսելով մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին, Հովհաննիսյանն ասաց, որ եթե ընտրակարգըը օրենքով շարունակի գործել, ապա «Դաշնակցությունը» կմասնակցի այդ ֆորմատով ևս:
Անդրադառնալով ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալմանը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նախկին «90 կողմ 4 դեմ»–ի նման քվեարկություն չեղավ, այլ եղավ նորմալ քվեարկություն։ Շատ շնորհակալ ենք նաև մեծամասնական պատգամավորներից ոմանց, ովքեր նույնպես քվեարկել են կողմ համամասնականին անցնելու համար: Արդեն ձայների հարաբերակցությունն առաջվա նման չէ: Խորհրդարանը վերածվում է նորմալ խորհրդարանի, անգամ կոալիցիայից հնչեցին խոհեմ ելույթներ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Հարցին, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի օրենք դառնալու դեպքում պատրաստվո՞ւմ է «Դաշնակցությունը» ստորագրահավաք անցկացնելու և սահմանադրական դատարանում բողոքարկելու մաիսն, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ միջոցառումներ ամպայման կանեն, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է:
Անդրադառնալով «Դաշնակցական» Արշավիր Կարապետյանին, ում սեփականություն հանդիսացող տարածքում ոստիկանությունը հայտնաբերել էր մի ամբողջ զինանոց,Վահան Հովհաննիսյանն ասաց, որ դեռ վերջնական պարզված չէ, թե դա ում է պատկանում:
«Ես անձամբ Ճանաչում եմ Արշավիր Կարապետյանին, նա եղել է Արցախյան պատերազմի մասնակից, իսկ պատերազմից հետո զենքեր շատերի մոտ են մնացել, բայց վերջնականապես դա պարզված չէ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:









