Ամեն ինչ փոփոխվում է, զարգանում. Վարդան Բոստանջյան

11:33 • 02.03.12

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդան Բոստանջյանն ընդունում է մեկնաբանություններ, որ ԲՀԿ համամասնական ցուցակը հագեցած կլինի առավել քաղաքական դեմքերով, և այս առումով Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն առաջին ծիծեռնակներն են: Tert.am-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը նաև ասաց, որ ողջունում է ընտրություններից առաջ մեր քաղաքական ու պետական կյանքում վաստակ, դեր ու նշանակություն ունեցող մարդկանց՝ ընտրություններից առաջ կուսակցությունների հետ դաշինքներն ու դրանց անդամակցությունը:

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչն էր խանգարում ԲՀԿ-ին նույն մոտեցումն արտահայտել 2007թ. ընտրություններից առաջ կուսակցության համամասնական ցուցակը կազմելիս, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Գոյություն ունի զարգացում հասկացություն, որի տակ ամեն օրը տարբերվում է նախորդ օրվանից, ամեն ինչ փոխոխվում է, և ուզում եմ հավատալ, որ լավ ուղղությամբ»:

Սակայն կոնկրետ որևէ անուն Վարդան Բոստանջյանը մինչև այն պահը, երբ կհրապարակվի ԲՀԿ համամասնական ցուցակը, չի կարող ասել:

Հարցին, թե տեղեկացվա՞ծ է իր մասով համամասնական ցուցակում ընդգրկվածությանը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ չի կարծում, որ իրենով է պայմանավորված «երկրի տատանվել-չտատատնվելը» և հավելեց. «Պարզ է, որ ցուցակները այն սկզբունքնով են կազմվելու, որ առավել արդյունավետ աշխատենք։ Կգտնվեմ, թե չէ, չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ»:

Վարդան Բոստաջյանը նաև «խորը ինֆորմացիաներ ունենալու» հակված չէ այն մասով, թե, ի վերջո, ցուցակում լինելու՞ է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, ում և կուսակցության հարաբերությունները ժամանակ առաջ սառել էին:

Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է անելու, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշի դուրս գալ կոալիցիայից ու պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, նա ասել էր, որ եթե ԲՀԿ-ն դեմ գնա ներկա նախագահին, ապա ինքը առանց տատանվելու կհեռանա այն քաղաքական ուժի շարքերից, որը դեմ է իր « ընտրած եւ ընտրվելիք նախագահին»:
Երեկ, հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Օսկանյանի մուտքը ԲՀԿ երկուստեք շահավետ քաղաքական հաշվարկների արդյունք է. «Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակություն»,– ասել էր ՀԱԿ առաջնորդը։

ԲՀԿ-ական պատգամավորի մեկնաբանությունը Տեր-Պետրոսյանի ասածին միայն այն էր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: