Սուս նստում եմ, որովհետև կտան-կսպանեն. հայաստանցի աշակերտ

18:56 • 02.03.12

«Երբ վիրավորում են, սուս նստում եմ, որովհետև կտան-կսպանեն», «Մտքումս ասում եմ՝ խի ես վիրավորում, ասում եմ… դու ես…» ,- այս նախադասությունները հնչել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շուրթերից՝ կապված ուսուցիչների կողմից ծեծի, ապտակի ականջ քաշելու դեպքերի հետ: Տվյալները Հայաստանի Հելսինկյան կոմիտեինն են, որը 2010-2011թթ. ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակում հանրակրթական և հատուկ դպրոցներում և խնամքի պաշտպանության հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ երեխաների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական, հոգեբանական, բռնություններ: «Սակավաթիվ դպրոցներ կան, որտեղ տնօրինությունը վերահսկողություն է իրականացնում ուսուցիչների կողմից կոպիտ վերաբերմունքի նկատմամբ»,- նշված է Կոմիտեի՝ նախորդ տարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում:

Այստեղ անդրադարձ կա նաև երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին՝ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությանը և Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից իր սաների նկատմամբ անառակաբարո գործողություններին: