Ամերիկացին սխալմունքի պատճառով 27 տարի է անցկացրել բանտում

11:58 • 02.03.12

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օրենսդիր մարմինները պարտավորվել են 52-ամյա Ուիլյամ Դիլոնին վճարել 1.35 մլն դոլար` սխալմամբ 27 տարի բանտում անցկացնելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նահանգի Սենատը հաստատել է օրինագիծը, համաձայն որի բանտում յուրաքանչյուր տարի անցկացնելու համար նրան կփոխհատուցվի 50 հազ դոլար:

Դիլոնը բանտից դուրս էր եկել 2008 թ.-ին: Իր կյանքի կեսը նա անցկացրել է ճաղերի հետևում` մեղադրվելով այն հանցագործության մեջ, որն իրականում չէր գործել: Նա անմեղ է ճանաչվել «Ամեղություն» ծրագրի մասնակիցների օգնությամբ, ովքեր ապացուցել էին նրա անմեղությունը ԴՆԹ փորձաքննության միջոցով:

Տեղեկանալով Սենատի որոշման մասին` Դիլոնը շնորհակալություն է հայտնել իր փաստաբանին, ով անվճար փաստաբանական ծառայություն է մատուցել նրան:

«Այս ամբողջ պատմության մեջ միակ դրական պահն այն է, որ կան մարդիկ, ովքեր այնքան են քեզ հավատում, որ պատրաստ են օգնել», - ասել է նա:

Սա միակ դեպքը չէ, երբ դատարանի սխալ վճռի պատճառով ամերիկացիներին փախհատուցում է տրամադրվում: Այսպես, հունվարին Չիկագոյի երդվյալ ատենակալները 32-ամյա Սեդեուս Հիմենեսին պարտավորվել էին 25 մլն դոլար փոխհատուցում տրամադրել կյանքի կեսը բանտում անցկացնելու համար: