Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20–ամյակի առթիվ

11:27 • 03.03.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:

Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: