Իրանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը 64,2% է կազմել

19:23 • 03.03.12

Իրանում ուրբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը 64,2% է կազմել, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, այս պաշտոնական տվյալները հաղորդել է Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամադ Նաջարը:

Նրա խոսքերով` ընտրազանգվածի ակտիվությունը մայրաքաղաքային շրջանում կազմել է 52%, իսկ Թեհրանում` 48%: Նախարարը հաղորդել է, որ 207 ընտրատարածքներից 145-ում ձայների հաշվարկը ավարտված է:

Պատգամավորության թեկնածուներից 135-ը, առաջին փուլի արդյունքներով, անցել են: 290 պատգամավորական տեղ ունեցող միապալատ խորհրդարանի ընտրության արդյունքները իշխանությունները խաստանում են հրապարակել կիրակի կամ երկուշաբթի:

Ընտրողների մասնակցությունը ներկա ընտրությունների հիմնական մարտահրավերն էր համարվում: Չորս տարի առաջ` նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրազանգվածի ակտիվությունը 55,4% էր, իսկ Թեհրանում ընդամենը 33%: