Կիպրոսի գլխավոր դատախազը մոլախաղերի սիրահար տատիկներին «կանաչ լույս է» տվել

00:06 • 03.03.12

Կիպրոսի հանրապետությունում մոլախաղերի սիրահար 42 ծեր կանանց հանդեպ հարուցված քրեական գործը կասեցված է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 70-98-ամյա 42 կիպրոսաբնակ կանայք մարտի 10-ին դատարան ներկայանալու ծանուցագիր էին ստացել և պետք է օրենքի առաջ պատասխան տային մոլախաղերի հանդեպ իրենց հակման համար, նրանց մինչև 6 ամսվա ազատազրկում և 750 եվրո տուգանք էր սպառնում:

Մոլախաղերի սիրահար կանանց դեմ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ 2010թ. հարևանների հաղորդմամբ, ոստիկանությունը Լիմասոլ քաղաքում բնակվող այդ կանանցից մեկի առանձնատուն էր այցելել և հայտնաբերել, որ այնտեղ տարեց կանայք փողով թղթախաղ են խաղում: Խաղադրույքները մեծ չէին` 5-10 եվրո: Սակայն երկրում, ուր մոլախաղերը արգելված են, դա բավարար է պատասխանատվության ենթարկելու համար:

Ոստիկանական այցից հետո անցած ժամանակահատվածում կանանցից 2-ը արդեն մահացել են, ևս 2-ը հիշողությունն են կորցրել: Իսկ կանանցի ամենատարեցը հայտարարել էր, որ. «ինչ ուզում են թող անեն, ես չեմ վախենում»:

Այս կապակցությամբ, ոչ միայն տեղի այլև միջազգային ԶԼՄ-ները նշում էին, որ ստեղծված իրավիճակն անհեթեթ է: Լրատվամիջոցները պնդում էին, որ Կիպրոսի իշխանությունները իրենք իրենց ծաղրուծանակի առարկա են սարքում: Չնայած գործող արգելքներին, կղզում անօրինական մոլախաղային բիզնեսի շրջանառությունը տարեկան միլիարդ եվրոյի է հասնում: