42-ամյա մարոկկացին իր տան կտուրին Իսրայելի դրոշը բարձրացնելու համար կես տարի բանտ կնստի
Մարոկկոյի 42-ամյա բնակիչ Մուհամմեդ Ջադիդին կես տարվա ազատազրկման է դատապարտվել` իր տան կտուրին Իսրայելի դրոշը բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Արաբիա» հեռուսատալիքը, Ջադիդին դատարանում հայտարարլե էր, թե այդ քայլով պարզապես ցանկացել էր տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրել իր կենցաղային խնդիրների վրա (նրա տունը հոսանքազրկված է եղել, իսկ ջրամատակարարումը` դադարեցված):
Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «ազգային դրոշի կարգավիճակը վարկաբեկելու» ու «սրբապղծության» համար:
Ջադիդիի մայրն արդեն դիմել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդին` խնդրելով ներում շնորհել որդուն: Ջադիդիի մայրը բացատրել է, որ առկա խնդիրների վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրել այժմ հնարավոր է միայն նման մեթոդներով:









