Թուրքերը խայտառակ ծեծ կերան, իսկ Իսրայելը նպաստավոր դիրք գրավեց. Wikileaks
Wikileaks կայքը, որ մի քանի օր առաջ սկսել է ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների հրապարակումը, տեղեկություն է տարածել դեպի Գազա թուրքական մարդասիրական առաքելության և թուրք-իսրայելյան հարաբերությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, Stratfor-ի հիմնադիր տնօրեն Ջորջ ֆրիդմանը 2010 թ.-ի հունիսի 16-ին մի նամակում գրել է. «Թուրքերը խայտառակ ծեծ կերան, իսկ Իսրայելն ավելի նպաստավոր դիրք գրավեց»:
Նա տեղեկացրել է, որ խոսել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանի հետ, ով ասել է, թե նավատորմի ճգնաժամն իրականում այնպիսին չէ, ինչպիսին երևում է, այն Թուրքիայի «դեմն առնելուն է ուղղված», ինչը շատ ցավոտ է Անկարայի համար:
«Թուրքիան փորձում է առաջատար դառնալ Արաբական աշխարհում, սակայն ոչ մեկի վրա իշխել չի կարող: Հարևանների հետ զրո խնդիր ունենալու քաղաքականությունը նույնպես Արաբական լիգայի կողմից չի խրախուսվում: Նավատորմում առաջացած խնդիրների առումով նույնպես Արաբական լիգան ոչինչ չձեռնարկեց: Թուրքիան տեսավ, որ արաբական աշխարհում լիդերի դեր ստանձնելու համար թանկ է վճարելու եւ «ետ քայլ» արեց, իսկ Իսրայելն այս առիթով հրաշալի քարոզչություն իրականացրեց և շահեց Եվրոպայի աջակցությունը: Թուրքական կառավարությունն արդեն զգում է Իսրայելի հետ կապերը խզելու գինը»,- գրել է Ֆրիդմանը:









