Քաղաքական հաճույքի ժամանակը չէ, նոր սկզբի ժամանակ է. Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության հերթական համագումարի մեկնարկին հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո շատ բան ունի անելու։
«Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու և վճարելու»,– ասաց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ «Օրինաց երկիրը» «լույսի պես մաքուր է»։
ՕԵԿ առաջնորդը հայտարարեց նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու վճռականության մասին: «Ձեռքիցս չեք պրծնի, եթե լավ չաշխատեք»,- թիմակիցներին դիմեց Արթուր Բաղդասարյանը, ով դիմելով նաև քաղաքական ընդդիմախոսներին նկատեց նաև, որ չորս տարի «քարեր են նետվել» ՕԵԿ-ի ուղղությամբ, սակայն այսօր եկել է քարեր հավաքելու ժամանակը: Նա նաև ասաց, որ «քաղաքական հաճույքի ժամանակը չէ, նոր սկզբի ժամանակ է»։
Նշենք, որ «Օրինաց երկրի» համագումարի մեկնարկից առաջ Ժամանեց նախագահ Սերժ Սարգսյանը` կոալիցիոն գործընկեր` Գագիկ Ծառուկյանի և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ:
Այլ հրավիրյալների թվում էին` «Ժառանգությունից» Կարինե Հակոբյանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը և Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը:
Նախ, Արթուր Բաղասարյանի առաջարկով ներկաները դիտեցին ՕԵԿ-ին նվիրված տեսաֆիլմ, որը համեմված էր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և հարուստ էր նախորդ նախագահական ընտություններում ՕԵԿ առաջնորդի` հանրահավաքային ելույթներից: Տեսանյութը առատ էր կադրերով, երբ հանրահավաքի շարքերում կանգնածները ինքնաբուխ համբուրում էին կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և վանկարկում` «հաղ–թա–նակ», «հաղ-թա-նակ»:
Կուսակցությանը նվիրված տեսահոլովակում անդրադարձ էր արվում նաև ՕԵԿ խմբակցության՝ 200 –ից ավելի օրենսդրական նախաձեռնություններին:
«Օրինաց երկիր» կուսակցության օրհներգից հետո համագումարն իր աշխատանքները շարունակեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթով: Կուսակցության առաջնորդը նշեց, որ անցած տասնհինգ տարիները կուսակցության համար եղել են կայացման տարիներ, 97-ից կուսակցությունը ներկայացված է եղել ԱԺ բոլոր գումարումներում:
«Մեր ողջ կենսագործությունը եղել է պայքար՝ երկիրն առաջ տանելու և պայքարելու հաստատակամություն»,- հայտարարեց Արթուր Բաղդասարանը` հավելելով, որ շնորհիվ իրենց «խոհեմ դիրքորոշման» երկիրը նախորդ նախագահական ընտրություններից հետո չգնաց բախումների ճանապարհով:
ՕԵկ նախագահը հայտարարեց նաև որ այսօր 150 հազար մարդ անդամակցում է կուսակցությանը և ՕԵԿ–ի անունից իր աջակցությունն առաջարկեց Սերժ Սարգսյանին, ով, Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ, ցանկանում է առաջ տանել երկիրը:
Արթուր Բաղդասարյանի ելույթում հնեցին նաև քննադատական խոսքեր` պետական կառավարման համակարգում ծախսերի արդյունավետության, պետություն-քաղաքացի հարաբերություններում արդարության հաստատման և թափանցիկության ավելացման մասին:
Շուրջ քառասուն րոպե տևած ելույթում ՕԵԿ առաջնորդը նաև նշեց, որ պետությունը պետք է առավել ակտիվ մասնակցի աշխատատեղերի ստեղծմանը և այս առումով վերջին տարիներին արվող քայլերը հուսադրող են: Իսկ թիվ մեկ խնդիրը, ըստ նրա, մնում է գործազրկությունը:
«Հարկ է նայել մյուս երկրներին և «հարցնել մեզ` ինչն է պակասում մեզ այս հաջողություններին հասնելու ճանապարհին,-ասաց Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով ՕԵԿ համամասնական ցուցակում կլինեն մեծ թվով երիտասարդներ, որոնք «ունեն կամք և վճռականություն»:
Հնչեց նաև առաջարկ` միանալ «Օրինաց երկիր» քաղաքական թիմին այս «դրամատիկ, սակայն պատասխանտու ժամանակշրջանում»:
Համագումարի երկրորդ նիստը նվիրված է ներքին` հարցերին կանոնադրական փոփոխություններ, ղեկավար մարմինի փոփոխություններ։
Նշենք, որ ՕԵԿ-ը ձևափոխել է երգիչ Ֆորշի հանրահայտ «Երևան» երգը և այնտեղ հնչում է նաև, որ սա «Արթուր Բաղդասարյանն է»:









