«Պզոյի գործով» հայ մեղադրյալին 14 տարվա ազատազրկման են դատապարտել
Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններին մեղսակից լինելու մեջ մեղադրվող Արթուր Մանասարյանը երեկ ԱՄՆ-ում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան Jacksonville.com կայքը, Մանասարյանից հօգուտ ԱՄՆ-ի դաշնային կառավարության նաև 1,8 մլն դոլար պետք է բռնագանձվի:
49-ամյա Մանասարյանն օգոստոսին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության և անձնական տվյալների գողության համար: Արթուրն իր հանցակիցների հետ ինը ընկերությունների անունից, ապահովագրական գումարներ ստանալու նպատակով, Medicare-ին 7,4 մլն դոլարի վճարման ենթակա կեղծ հաշիվներ էր ուղարկել և արդյունքում 1,5 մլն դոլար կորզել:
Կայքն ընդգծում է, որ Մանասարյանի անմիջական հանցակիցներ են եղել 28-ամյա Խորեն Գասպարյանը, որին 20 տարվա ազատազրկում և 250 000 դոլար տուգանք է սպառնում, ինչպես նաև 57–ամյա Գեղամ Սարգսյանը, որի նկատմամբ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նույն գործի շրջանակում հետախուզում է հայտարարել:
Հաղորդվում է, որ Մանասարյանին ամերիկյան Նյու Յորք նահանգում այլ դատավճիռներ են «սպասում»` այս անգամ այսպես կոչված «Պզոյի գործի» շրջանակում:
2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում։ Ձերբակալվածների թվում էին նաև հայեր, ինչպես նաև հետխորհրդային երկրների այլ ներկայացուցիչներ։ Խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը (մականունը՝ «Պզո»)։ Խմբավորումը գրանցել էր գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Հանցավոր խմբի անդամները օգտագործել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցրած վնասն ավելի քան 200 մլն դոլար էր գնահատվել:
Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել, ձերբակալվել էր նաև հանցախմբի պարագլուխը` «Պզոն» (2011թ. հունիսի սկզբին «Պզոն» ևս իրեն մեղավոր ճանաչեց՝ խոշոր չափերի խարդախության համար։ «Պզոյին» մինչև 37 ամսվա ազատազրկում է սպառնում, որից հետո նրան պետք է վտարեն Միացյալ Նահանգներից):









