Տաջիկստանի իշխանությունները Facebook-ը արգելափակել են

21:04 • 03.03.12

Տաջիկստանի ինտերնետ պրովայդերներն ու բջջային ընկերությունները բանավոր հրաման են ստացել թվով չորս` Facebook.com, Zvezda.ru, Tjknews.com, Maxala.org  կայքերը արգելափակելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

Բանավոր կարգադրություն է տրվել երկրի կառավարությանն առընթեր կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովի կողմից:

Տաջիկստանի բոլոր ինտերնետ և բջջային ընկերությունները փաստացի կախման մեջ են կառավարությանն առընթեր կապի ծառայությունից, քանի որ այդ պետական մարմինն է տրամադրում բջջային և ինտերնետ կապի ծառայությունների արտոնագրերը:

BBC-ն տեղեկացնում է նաև, որ Facebook.com-ը Տաջիկստանի բնակչության համար հիմնական արտահայտչամիջոցն է: Երկրի քաղաքացիները, իրենց իսկական անուններով, այդտեղ են խիստ քննադատության ենթարկում երկրի իշխանությունների որոշումները և գործունեությունը: Մյուս փակված կայքերը նույնպես առանձնացել են իրենց հակակառավարական հրապարակումներով և մերկացումներով:

Հնարավոր է, որ հենց այդ արտահայտչամիջոցը փակելու համար են արգելափակվում կայքերը: