Մենք չենք կարող միանգամից վճարել խնայբանկերում մնացած ավանդները. վարչապետ

13:32 • 03.03.12

Խորհրդային տարիներին խնայբանկերում կուտակված միջոցները, որ այսօր պահանջում են բնակիչները, կազմում է ավելի քան 10 միլիարդ դոլար և կառավարությունը չի կարող միանգամից վճարել դրանք, այս մասին այսօր Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Մեղրի քաղաքում բնակիչերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ձեզ հետ ազնիվ ենք եղել, և ազնիվ էլ կմնանք և չենք կարող ասել, որ միանգամից կկարողանանք վերադարձնել այդ ավանդները: Այդ գումարները կազմում են ավելի քան 10 միլիարդ դոլար, իսկ պետությունն այսօր այդ հնարավորությունը չունի»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ավանդները վերադարձվում են մաս-մաս և նախևառաջ՝ առավել կարիքավոր ավանդատուներին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պարբերաբար այցելում է հանրապետության մարզեր, հանդիպում Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվի հետ և քննարկում գալիք համապետական ընտրությունների ` ՀՀԿ նախընտրական ծրագիրը:

Մեղրի քաղաքի բնակիչներին հետաքրքրեց նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որը գործող ավտոճանապարհի երկարության համեմատ կրկնակի կնվազեցնի երթուղու երկարությունը։ Վարչապետն ասաց որ Ասիական զարգացման բանկը արդեն տվել է գումարի մի մասը, իսկ մյուս մասի համար դեռ բանակցությունները շարունակվում են, շին աշխատանքներն էլ կսկսվեն այս տարվանից:

Սոցիալապես անապահով ընտանիքի անդամների համար էլ այսուհետ, ըստ Տիգրան Սարգսյանի, պետությունը ոչ թե սոցնպաստներն է ավելացնելու այլ նրանց համար աշխատատեղ է ապահովելու, ինչպես նաև նրանց երեխաների կրթությունն է լինելու անվճար` հետագայում ընտանիքի վիճակը բարելավելու համար:

Վարչապետ Սարգսյանը նշեց նաև, որ եթե նախորդ հինգ տարիներին ամրապնդվել են պետական կառույցները, երկրի անվտանգությունը, ապա առաջիկա հինգ տարիներին ՀՀԿ ծրագիրը լինելու է այնպես, որ զգալի լավանա մարդկանց կենսակերպը, կբացվեն աշխատատեղեր, և զգալի կլավանա շարքային քաղաքացու կենցաղը: