ԱՄՆ-ն Իրանի շուրջ ավիակիր խմբավորումներ է կուտակում

19:40 • 03.03.12

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբավորումը` Carl Vinson միջուկային ավիակրի գլխավորությամբ, գտնվում է Պարսից ծոցում` հաղորդում է vesti.ru-ն:

ԱՄՆ ՌԾՈւ-ի տեղեկատվական ծառայության հաղորդած տեղեկություններով, Իրանի հարավային սահմաների մոտակայքում գտնվող խմբավորման կազմում կան հածանավ և էսմինեց (էսկադրային ականակիր), որոնք համալրված են 1600 կմ գործողության շառավիղ ունեցող 50 Tomahawk հրթիռներով:

Carl Vinson-ի վրա տեղակայված ինքնաթիռները անընդհատ թռիչքներ են իրականացնում:
Ներկայում, Պարսից ծոցում է գտնվում ևս մեկ հրթիռային էսմինեց, որը ներգրավված է ծովահենության դեմ պայքարի գործողություններում, ինչպես նաև 1 դեսանտային նավ:

Արաբական ծովի հյուսիսային հատվածում է գտնվում մեկ այլ ամերիկյան ավիակիր խմբավորում` Abraham Lincoln միջուկային ավիակրի գլխավորությամբ, ևս մեկ հածանավ և հրթիռային էսմինեց: Սպասվում է, որ նույն շրջան շուտով կժամանի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ ռազմաբազայից դուրս եկած հրթիռային էսմինեցը:

Արաբական ծովի հյուսիսում են ևս 2 մեծ դեսանտային նավեր, որոնցից մեկը նաև ուղղաթիռակիր է: Հնդկական օվկիանոսի հյուսիսում են 3 սուզանավեր, այդ թվում 154 Tomahawk հրթիռներով համալրված Georgia սուզանավը: