Կիսամերկ ուկրաինուհիները փորձել են գողանալ Պուտինի քվեատուփը
Ուկրաինական FEMEN շարժման կիսամերկ ակտիվիստները փորձել են գողանալ Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի քվեատուփը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, վարչապետի ու նրա տիկնոջ` Գիտությունների ակադեմիայի շենքում տեղակայված ընտրատեղամաս այցից հետո, երեք կանայք մերկացել են մինչև գոտկատեղը և մեղադրանքներ հնչեցրել վարչապետի հասցեին:
Նրանց մարմինների վրա գրված են եղել «Կրեմլի առնետներ», «Գող-3» «Գողանում եմ Պուտինի համար», իսկ իրենք բարձրաձայնել են «Պուտինը գող է»:
Վրա հասած իրավապահները նրանց ծածկել են բաճկոններով ու դուրս տարել:
Մեկնաբանելով կատարվածը` վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ աղջիկները «երիտասարդ հիմարիկներ» են:
«Նրանք գտնում են, որ սա ռոմանտիզմի ոգին է: Սակայն եթե ավելի լուրջ խոսենք, ապա սա հասարակական կարգի խախտում է, նաև նրանք դիմադրություն են ցույց տվել իրավապահներին, այնպես որ պատճառ կար նրանց ձերբակալելու», - ասել է նա:









