Ժիրինովսկուն դուր չեն եկել քվեախցիկները

10:37 • 04.03.12

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցել է նաև Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` այցելելով Մոսկվայի արևմուտքում գտնվող թիվ 914 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս:

«Ինտերֆաքս» գործակալության այն հարցին, թե ինչ է նա կարծում` ընտրություններն արդար ու թափանցիկ կլինեն, Ժիրինովսկին պատասխանել է. «Սպասում ենք»:

Նա քննադատել է քվեախցիկները, հայտարարելով, որ «սա ոչ թե խցիկ է, այլ փարախ»: «Ես տեսնում եմ, թե ինչ  է անում մարդը քվեախցում:Սա գաղտնի քվեարկության համար նախատեսված խցիկ չէ»,- ասել է թեկնածուն:

Ժիրինովսկին բոլորին մաղթել է լավ տրամադրություն: «Ցանկանում եմ, որ վաղը բոլորն ունենան լավ տրամադրություն:Եթե վատը եղավ, ուրեմն ընտրությունները վատն էին»,- ասել է նա:

Նախագահի պաշտոնի համար, բացի Ժիրինովսկուց, պայքարում են վարչապետ, «Միասնական Ռուաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ով, ի դեպ, առաջինն է մասնակցել ընտրություններին: