Բանակն ու ներքին զորքերը մտցվել են Մոսկվա (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա են մտցվել ոստիկանության զորքերի ուժեղացված, ինչպես նաև բանակային մեծաթիվ ստորաբաժանումներ: Հատուկջոկատայինները շրջափակել են Մոսկվայի Հեղափոխական, Հաղթանակի, Մանեժնայա և Լուբյանսկայա հրապարակները: «Գազետա.ռու»-ին Ներքին գործերի քաղաքային վարչության հասարակայնության հետ կապերի կենտրոնից հրաժարվել են պարզաբանել, թե ինչու է քաղաքի կենտրոնում նման մեծ քանակությամբ իրավապահ բերվել:
«Ողղակի այսօր ընտրություններ են, իսկ սրանք ուղղակի ոստիկանական ավտոբուսներ»,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Հաղթանակի հրապարակի շրջակայքում արգելված է տրանսպորտի կայանումն ընդհանրապես: Մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանի մուտքի մոտ հերթապահում են ոստիկանական ստորաբաժանումները, մետաղական ցանկապատեր են դրվել:
Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին հետևող կուսակցությունների ու այլ կազմակերպությունների դիտորդները, ինչպես նաև լրագրողները գրանցել են մի շարք ընտրախախտումներ, մասնավորապես` մեկ անձի կողմից մի քանի անգամ ընտրություններին մասնակցելու, ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր բերելու:
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը քաղաքում ընտրախախտումների մասին լուրերը հերքել է:
«Մոսկվայում քվեարկության գործընթացն անցնում է հանգիստ, իսկ խախտումների մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ –որ մեկին գումար են վճարել»,- ասել է Գորբունովն ասուլիսի ժամանակ:
Ուշագրավ դեպք է գրանցվել Իժևսկի ընտրատեղամասերից մեկում. ընտրողներից մեկը տեղադրված տեսախցիկի առջև հայհոյել է` ոչ ընտրությունների թեմայով: Նրան վարչական պատասխանատվության են ենթարկել «մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ`վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
Ընտրատեղամասերը կփակվեն Երևանի ժամանակով ժամը 20.00-ին, իսկ մեկ ժամ անց` երկրի արևմտյան շրջանի ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին նախնական արդյունքները կհրապարակի ժամը 21.00-ից հետո:












