ՌԴ նախագահական ընտրություններ. Հեռավոր Արևելքում սկսվել է ձայների հաշվարկը

13:05 • 04.03.12

Երևանի ժամանակով ժամը 12.00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցությունը 15% է կազմել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), ՌԴ մի շարք հեռավորարևելյան շրջաններում` Կամչատկայում, Չուկոտկայում, Մագադանի շրջանում և Կուրիլյան կղզիներում, քվեարկությունն ավարտվել է:

Ըստ ԿԸՀ-ի` Կամչատկայում ընտրություններին մասնակցել է ընտրողների 57 %-ից ավելին: Սկսվել է ձայների հաշվարկ:

Ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ ինչպես միջազգային կառույցներից` ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ԱՊՀ և այլն, այնպես էլ ռուսական կուսակցություններից ու ԶԼՄ-ներից, ինչպես նաև իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ:

Հաղորդվում է ընտրախախտումների, մասնավորապես` մարդկանց ընտրատեղամասեր կազմակերպված բերելու, նույն անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու մասին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու` վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: