Պուտինը կատարեց իր ընտրությունը
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցեց նաև նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ռուսական լրատվամիջոցների համաձայն` Պուտինը տիկնոջ` Լյուդմիլա Պուտինայի հետ այցելել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ, սովորաբար, քվեարկում են նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը, այլք:
Ավելի վաղ Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում իր ընտրությունն է կատարել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ:
Բացի Վլադիմիր Պուտինից, նախագահի պաշտոնի համար պայքարում են Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
Առաջին նախնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ժամը 21.00-ից հետո, երբ փակվեն նաև երկրի արևմտյան մասի` Կալինինգրադի բոլոր ընտրատեղամասերը (մյուս բոլոր ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին):









