Սիրիայի իշխանությունները թույլատրել են Կարմիր խաչին մտնել Հոմս
Սիրիայի իշխանությունները թույլատրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) բժշկական ու մարդասիրական օգնություն հասցնել սիրիական Հոմս քաղաքի` իշխանական ուժերի կողմից հսկողության տակ առնված Բաբա Ամր թաղամասի տուժած բնակիչներին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Դամասկոսում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Սալեհ Դաբակեհին, սիրիական «Կարմիր մահիկ» ազգային կազմակերպության, որը համարվում է «Կարմիր խաչ» միջազգային շարժման և «Կարմիր մահիկ»-ի մասնաճյուղը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի աշխատակիցները շաբաթ առավոտյան մոտեցել են Բաբա Ամր թաղամասին, սակայն սիրիական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տվել նրանց մուտք գործել թաղամաս:
«Այժմ մեր առաջ կանաչ լույս է վառվել: Այսօր մենք հույս ունենք մտնել թաղամաս: Մեզ շատ է անհանգստացնում Բաբա Ամրի բնակիչների ճակատագիրը», - ասել է Դամասկոսում Կարմիր խաչի ներկայացուցիչը:
Նախորդ տարվա մարտից բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է 7.500 մարդ: Իսկ Հոմսում բախումներ են տեղի ունենում այս տարվա փետրվարից:









