Միթ Ռոմնին հաղթել է Վաշինգտոնի «փրայմերիզում»

09:22 • 04.03.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին շաբաթ հաղթանակ է տարել Վաշինգտոն նահանգի «փրայմերիզում»:

Քվեարկության վերջնական արդյունքները թեև հայտնի չեն, սակայն առաջատար լրատվամիջոցները, ավանդույթի համաձայն, հայտարարում են հաղթողի անունը:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, Ռոմնին, նախնական տեղեկության համաձայն, հավաքել է 40%-ից ավելի ձայն: Տեխասից կոնգրեսական Ռոն Փոլն ու Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը` մոտ 20%-ական տոկոս: Եռյակին շատ է զիջում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:

Միանգամից մի քանի «փրայմերիզ» կանցկացվի երեքշաբթի: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիի հաղթելու հավանականությունը մի շարք նահանգներում դիտորդները կասկածի տակ են դնում: Համարվում է, որ մի շարք հարավային նահանգներում, այդ թվում` Ջորջիայում, կարող է հաղթել Գինգրիչը, իսկ Օհայոյում, հարցումների համաձայն, Սանտորումը:

«Փրայմերիզի» արդյունքում հայտնի կդառնա նախագահ Բարաք Օբամայի (Դեմոկրատական կուսակցություն) մրցակիցը: Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ կանցկացվեն աշնանը: