Ռուսաստանի Դաշնությունը նախագահ է ընտրում

08:37 • 04.03.12

Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս ավելի քան 95.000 ընտրատեղամասերում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու` վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս նախագահական ընտրությունները կլինեն վերջինը, որոնք անցկացվում են հնգամսյա դաշնային շրջանով, որն իր մեջ ներառում է խորհրդարանական (դեկտեմբերի 4-ին անցկացվել են խորհրդարանական ընտրություններ) ու նախագահական ընտրական ընտրարշավները: Դա պայմանավորված է ՌԴ նախագահի լիազորությունների մեծացմամբ` այսուհետ երկրի առաջնորդը կգործի 4-ի փոխարեն 6, իսկ Պետդուման` 4-ի փոխարեն 5 տարի:

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Ռուսաստանում ընտրելու իրավունք ունի 109 մլն 947 հազ 323 մարդ, իսկ երկրի սահմաններից դուրս` 1 մլն 794 հազ 454 մարդ:

Այս ընտրությունների անցկացման ընթացքը, պատմության մեջ առաջին անգամ կհսկվի տեսախցիկներով:Ի դեպ, յուրաքանչյուր ընտրատեղամասում տեղադրված է երկու տեսախցիկ:

Ընտրական գործընթացին կհետևեն ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրյա դիտորդները` ավելի քան 600 միջազգային դիտորդ ԵԱՀԿ-ից, ԱՊՀ-ից, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից, ԵԽԽՎ-ից: Առաջին անգամ ՌԴ ընտրություններին կհետևեն նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փորձագետները: Ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 56 դիտորդ էլ ներկայացնում է մոտ 20 պետությունների ընտրական հանձնաժողովները: