Այսօր լրանում է Ալեքսանդր Թամանյանի 134-ամյակը

14:15 • 04.03.12

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): 1904-ին ավարտել է Պետերրուբգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով:

Թամանյանի առաջին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու վերականգնումն է (1904-1906): Նախահեղափոխական շրջանի գործերից առավել ուշագրավ են՝ Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13, արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի, 1914), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-17): Նախագծել է նաև այլ շենքեր, որոնք չեն իրականացվել. այդ թվում՝ Անիի թանգարանը (1908):

1923-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հազար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924-ի ապրիլին): Նոր հատակագիծը սովետական քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից է: Այն Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է: Թամանյանը պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կատարելագործել է այն:

1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: 1925—33-ին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովետաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել:
Երևանում Թամանյանի նախագծերով կառուցվել են տարբեր տիպի շենքեր՝ աստղադիտարանը (1930—1935), բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926—1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտները (1927—1932), Այղր լճի ջրհան կայանը (1925), հանրային գրադարանը (1932—1938), Կառավարական տունը, 1932—1941), Օպերայի և բալետի թատրոնը (1926—1953):

Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով: Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով:

Նրա մասին գրվել են պոեմներ,որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն Է:

Թամանյանը վախճանվել է 1936թ-ի փետրվարի 20-ին: