Լեհաստանում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել

10:15 • 04.03.12

Լեհաստանի հարավում երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է 14 մարդ, մոտ 60 ուղևոր էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին, vz.ru գործակալության հաղորդմամբ, հայտնել է ողբերգության վայր այցելած երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Վարշավա-Կրակով և Պժեմիսլ-Վարշավա ուղղություններով գնացքներն իրար են բախվել Երևանի ժամանակով 23.57-ին: Ինչպես հայտնել են տրանսպորտային ընկերություններից, գնացքներում եղել է մոտ 370 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

«Սա մեր պատմության մեջ ամենաողբերգական երկաթուղային աղետն է: Զոհերի մասին տեղեկությունները դեռ մի քանի ժամ հստակ չեն լինի»,- ասել է վարչապետը` հավելելով, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ըստ նրա` զոհերի թիվը կարող է ավելանալ: «Մենք հուսով ենք, որ սա կլինի վերջին մահացու դեպքը: Անհրաժեշտ է համբերություն»,- ասել է Տուսկը:

Վարչապետի խոսքով` տուժածների թվում կան նաև օտարերկրացիներ, այդ թվում` Ուկրաինայի քաղաքացիներ, «սակայն նրանց վիճակը ծանր չէ»:

Ինչ վերաբերում է վթարի պատճառին ապա, ըստ Տուսկի, չի բացառվում, որ սխալ է տեղի ունեցել:

Պատահարի պատճառը կպարզի երկաթուղային վթարների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի անդամներն արդեն դեպքի վայրում են, ինչպես նաև դատախազությունը: