ՌԴ ընտրությունները Հայաստանի վրա էական ազդեցություն չեն ունենա. Ալեքսանդր Իսկանդարյան
Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններն ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանում սպասվող ընտրությունների վրա, և ՌԴ-ն կշարունակի աշխատել նաև Հայաստանի նորընտիր իշխանության (ապագա խորհրդարանի գումարումից հետո կձևովորվի նոր կառավարություն)հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Պուտինի հաղթանակը նա որակում է՝ «իրավիճակի փոփոխություն»: Այսօր քաղաքագետը խոստովանեց նաև, որ ՌԴ այլևս նախկին վարչապետի հաղթանակի մասին իր կանխատեսումներում մոտ 10 տոկոսով սխալվել է, քանի որ կանխատեսել էր 55 տոկոս:
«Անպայման կլինեն մարդիկ, ովքեր չեն համակերպվի ընտրության արդյունքների հետ, կլինեն հանրահավաքներ, հայտարարություններ` զանգվածային ընտրախախտումների, լցոնումների և այլնի մասին»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ իրեն հիմա ավելի հետաքրքրում է, թե ինչպես Ռուսաստանի իշխանությունները կարձագանքեն դրանց:
Անդրադառնալով Հայաստանի վրա ՌԴ ընտրությունների հավանական ազդեցությանը` Ա. Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի, և, իհարկե, չի հայտարարվի, որ Ռուսաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը:
Նշվեց նաև, որ Ռուսաստանի ընտրություններն ուղղակի ազդեցություն չեն ունենա նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա:
ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հարցում ևս Ա. Իսկանդարյանն էական, կտրուկ փոփոխություններ չի ակնկալում: «Ուղղակի կարող է այնպես ստացվել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունները կփոքրանան»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Պուտինը կշարունակի՞ Մեդվեդևի քաղաքականությունը, որն անմիջականորեն էր մասնակցում հակամարտության բանակցային գործընթացին, քաղաքագետը պատասխանեց. «Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք կարծում են, որ Մեդվեդևն ինքնուրույն քաղաքական գիծ էր վարում որևէ հարցի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Դրա համար էլ, չեմ կարծում որ էական փոփոխություններ կլինեն»:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը համարում է, որ վերահաս ֆինանսական խնդիրների պատճառով հետխորհրդային տարածքում կդժվարանա շարունակել նախկին քաղաքակությունը:









