Հայաստանը չի կարող անդամակցել ՄԱԿ–ի բոլոր կառույցներին. Լիլիթ Թութխալյան
Հայաստանը չի կարող անդամակցել ՄԱԿ-ի բոլոր կառույցներին, քանի որ փոքր երկիր է՝ փոքր միջոցներով, այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանը՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության և Կրթության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանս-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է որոշում, թե որոնք են երկրի համար առավել անհրաժեշտ ճյուղերը: Մեզ համար այսօր շատ կարևոր է տնտեսական զարգացման հարցը, իսկ ՄԱԿ-ն ունի մեծ ներուժ և այս 20 տարիների ընթացքում իրենք նպաստել են ՀՀ-ի զարգացմանը»,- ասաց Լիլիթ Թութխալյանը:
ՄԱԿ–ին անդամակցության 20 տարիների ընթացքում Հայաստանը հատկապես 3 հիմնական խնդիր է իր առջև դրել. ապահովել սեփական անվտանգությունը, սոցիալական և տնտեսական զարգացում և կառուցել ժողովրդավարական այնպիսի երկիր, որն իր ազդեցությունը կտարածի տարածաշրջանում:
Լիլիթ Թութխալյանը նաև առանձնացրեց ՄԱԿ-ում Հայաստանի կատարած աշխատանքը հատկապես ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Մեծ է այն երկրների թիվը, որոնք կդժվարանան Հայաստանը գտնել քարտեզի վրա։ Մեր նպատակն է ծանոթացնել շատերին Հայաստանի հետ և տեղեկացնել ԼՂՀ հարցի մասին: Մեր ջանքերն ուղղված են նաև հակառակորդ կողմի տարածած տեղեկատվությքանը հակադարձելուն»,– ասաց նա:
ԱԳՆ խորհրդականը երիտասարդ դիվանագետներին բացատրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԱԿ-ի կառույցը և հավելեց, որ այս կազմակերպությունում ցանկացած քննարկում միտված է փոխհամաձայնության հասնելուն:
Կոնֆերանսի վերջում զեկույցներով հանդես եկան մի շարք ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից:









