Աշոտ Եղիազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

18:47 • 05.03.12

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ մոտ 6 մլրդ ռուբլու խարդախության փաստի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է տուժողների փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Ռուսաստանի լիբերալ–դեմակրոտական կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի և նրա գործընկեր Վիտալի Գոգոխիայի նկատմամբ Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով»,-ասել է Մարգարյանը:

Փաստաբանը հավելել է, որ քննիչներն այն եզրակացությանն են եկել, որ կասկածյալները Միխայիլ Անանևին, որը տնօրինում էր Инвест-Центр ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը, խաբեությամբ ստիպել են Եղիազարյանի մատնանշած անձանց, այդ թվում նրա կնոջ` Նատալյա Ցագոլովայի և Վլադիմիր Զայցևի (Եղիազարյանի թիկնազորի պետը) անունով ձևակերպել 80 000 բաժնետոմս: 

«Բավական է ասել, որ Инвест-Центр ԲԲԸ-ն իր դուստր ձեռնարկությունների միջոցով տնօրինում էր Центурион Альянс ՓԲԸ-ը և Республиканский բանկը, ինչպես նաև մի շարք այլ դյուրիրաց բաժնետոմսեր»,-հայտնել է փաստաբանը:

Գործակալությունն ընդգծում է, որ Инвест-Центр ԲԲԸ-ի բաժնետոմսերի դիմաց Եղիազարյանը խոստացել էր Անանևի անունով ձևակերպել Каменный мост ԲԲԸ-ի և Кремлин сайт ԲԲԸ-ի 50 տոկոս բաժնետոմսերը, ինչպես նաև Даев плаза բիզնես կենտրոնի շենքը( չի նշվում ձևակերպվել է արդյոք, թե ոչ):

Եղիազարյանի նկատմամբ հարուցված այս նոր քրեական գործի առնչությամբ այլ մանրամասներ ռուսական լրատվամիջոցները չեն հաղորդում:

Հավելենք, որ սա Եղիազարյանի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործն է: 2011թ. նոյեմբերի 3–ին Պետդուման պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Աշոտ Եղիազարյանին, 4 օր հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերի խարդախություն», որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Եղիազարյանն այժմ միջազգային հետախուզման մեջ է գտնվում և իր ընտանիքի հետ ԱՄՆ-ում գտնվում: Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի թաքնվում ռուսական իրավապահ մարմիններից և պատրաստ է մասնակցել քննչական գործողություններին, սակայն ԱՄՆ տարածքում, քանի որ վախենում է իր և իր ընտանիքի անդամների կյանքի համար։ Քննչական մարմինները վստահեցնում են, որ Եղիազարյանը գործարար Վիտալի Սմագինից յուրացրել է (համաձայն առաջին քրգործի) Центурион Альянс ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնետոմսերը: Տուժողն իր վնասը կես մլրդ ռուբլի էր գնահատել: Բացի այդ Եղիազարյանին մեղադրում էին Անանևից կես մլրդ ռուբլի հափշտակելու մեջ. այդ գումարն Անանևը Եղիազարյանին էր փոխանցել պարտքով: