Հնդկաստանն արգելել է բամբակի արտահանումը
Հնդկաստանը, որը համարվում է աշխարհում բամբակ արտադրող ու արտահանող երկրորդ երկիրը, արգելք է մտցրել բամբակի արտահանման վրա` հնդիկ արտադրողների շահերը պաշտպանելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, արգելքի ժամկետը որոշված չէ. սահմանափակումները կգործեն մինչ կառավարության համապատասխան կարգադրությունը:
Cotton Textiles Export Promotion Council-ի գործադիր տնօրեն Սիդհարթհա Ռաջագոպալի խոսքով` բամբակի արտահանման ծավալները անցած ֆինանսական տարում (ավարտվում է 2012թ. մարտին) գերազանցել են իշխանությունների սպասումները: Հնդկաստանը մեկ տարում արտահանել է 8.5 մլն տուկ բամբակ (մեկ տուկը 170 կգ է), այն դեպքում, երբ կառավարության հաշվարկներով` ցուցանիշը պետք է կազմեր 8.4 մլն տուկ:
Ռաջագոպալի խոսքով` Չինաստանում բամբակի պահանջարկի մեծացմամբ պայմանավորված` ընթացիկ տարում այդ հումքի արտահանումը կարող է գերազանցել 10 մլն տուկը: Միևնույն ժամանակ հունվարին պետական Cotton Advisory Board-ը հրապարակել էր կանխատեսումներ, համաձայն որոնց` բամբակի հավաքման կանխատեսումները 2012թ. 35.6 մլն-ից կնվազեն 34.5 մլն տուկի:
Ավելի վաղ հնդկական իշխանությունները տեղի արտադրողներին աջակցելու նպատակով ավելացրել էին բամբակի նվազագույն գինը` 100 կգ-ի դիմաց 300 ռուփիից հասցնելով 3.300 ռուփիի (մոտ 66 դոլար):









