Լիբիայում մի խումբ զինյալներ սրբապղծություն են կատարում գերեզմանոցում (տեսանյութ)

10:16 • 05.03.12

Լիբիայի Բենգազի քաղաքում անհայտ տղամարդկանց մի խումբ սրբապղծել է 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հուղարկավորված տասնյակ բրիտանացի և իտալացի զինվորականների շիրիմներ, տեղեկացնում է Reuters-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ մուրճերով, ոտքի հարվածներով քանդում գերեզամանաքարերն ու հուշարձանները: Առաջին անգամ տեսանյութը տեղադրվել է Facebook սոցիալական կայքում:

Զինված տղամարդիկ իրենց գործողություններին զուգահեռ հայտարարել են, որ այդ գերեզմանոցներում քրիստոնյաներ են, մի քանիսն էլ ասել են` «այստեղ շներ են թաղված»:

Լիբիայի ներկայիս իշխանությունները ներողություն են խնդրել կատարվածի համար, հավաստելով, որ բոլոր օրինախախտները կպատժվեն:

Մասնավորապես «Ազգային անցումային խորհրդի» ներկայացուցիչն ասել է. «Մենք ներողություն ենք խնդրում միջադեպի համար, հատկապես իտալացի և բրիտանացի մեր գործընկերներից, այս գործողությունները չեն համապատասխանում իսլամին»: