ՀՀ քաղաքական ուժերը շտապում են շնորհավորել Վլադիմիր Պուտինին

16:39 • 05.03.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում տարած «տպավորիչ հաղթանակի» առիթով շնորհավորել է ՌԴ նախագահի հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինին, այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Նա նշեց, որ արդեն 4 տարի է՝ ԲՀԿ-ի և «Եդինայա Ռոսիայի» միջև գոյություն ունի միջկուսակցական համաձայնագիր: «Իսկ Վլադիմիր Պուտինը, եթե չենք սխալվում, «Եդինայա Ռոսիայի» առաջնորդն է»,- ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը՝ ավելացրեց, որև Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Պուտինին կհրապարակվի ավելի ուշ:

Նշենք, որ մի քանի ժամ առաջ Վլադիմիր Պուտինին կուսակցության անունից շնորհավորել է նաև «Ազգային միաբանություն» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանձնված ուղերձի միջոցով:

Tert.am-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը նաև ասաց, որ իրենք Վ.Պուտինին նվիրել են կտավ, որի վրա պատկերված է Արարատ լեռը Խոր Վիրապի կողմից:

«Շատ հուզիչ ու խորհրդանշական կտավ է»,- ասաց Արտաշես Գեղամյանը: