«Կոնվերս բանկի» 5 ավանդատուներ շահել են ոսկե ձուլակտորներ

16:42 • 05.03.12

Մարտի 3-ին «Կոնվերս Բանկի» գլխամասային գրասենյակում կայացել է «Երևան» ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահել են 5 գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած մամլո հաղորդագրությունից, խաղարկությունը կազմակերպվել է վիճակահանության սկզբունքով, որին մասնակցել են «Երևան» ավանդ ներդրած բոլոր հաճախորդները:

Բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են նաև, որ «Երևան» ժամկետային ավանդը մեկնարկել է 2011թ. հոկտեմբերի 10-ին և նվիրված է Էրեբունի-Երևանի տոնին:

Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլև առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ:
Այս տարվա մարտի 1-ից «Երևան» ավանդին փոխարինելու է եկել նոր՝ «Արև» ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամով՝ 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով և տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ:

Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է նմանատիպ ակցիաներ: Ներկայումս գործում է նաև «Շանս» ավանդային ակցիան, որը հնարավորություն է տալիս ավանդատուներին մասնակցել տարին չորս անգամ կազմակերպվող խաղարկությանը, որի նվազագույն մրցանակային ֆոնդն է 1 միլիոն դրամ: