Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել Մաշտոցի պուրակի շինությունները

12:21 • 05.03.12

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն մարտի 3-ինՄաշտոցի պուրակի շինարարության դեմ բողոքի շրջանակներում կազմակերպած ֆորումից հետո հայտարարություն են տարածել, որում պահանջում են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ:

Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:

Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը:

Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:

Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնուրույն տեր կանգնում հանրային սեփականությանը և թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը:

Հանրային զբոսայգում պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ և հասնել մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը և կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը»: