Ֆրանսիայում մտահոգված են երեխաների չափազանց սեքսուալացմամբ

19:38 • 05.03.12

Ֆրանսիայի «Հանուն ազգային շարժման միություն»-ից սենատոր Շանտալ Ժուանոն հանդես է եկել «Երեխայի կանոնադրություն» ստեղծելու առաջարկով, որը կնպաստի երեխաների` «հիպերսեքսուալացման» դեմ պայքարին:

Աշխատանքի, համերաշխության ու քաղաքացիական ծառայության նախարարությունում ներկայացնելով հեղինակած զեկույցը`  սենատորը նշել է, որ երեխաների «հիպերսեքսուալացումը» մտահոգում է ծնողներին, քանի որ այն «աճող երևույթ» է: Դա հատկապես վերաբերում է աղջիկներին, որոնց մոտ «սեքսուալացումն ի հայտ է գալիս վաղ տարիքում և արտահայտվում շարժումներում, հագուստի ընտրության մեջ»:

Զեկույցի հեղինակն առաջարկում է այդ երևույթի դեմ պայքարի մի շարք միջոցներ, այդ թվում` արգելել երեխաներին ամսագրերում և այլուր «սեքսուալ դիրքերով» լուսանկարվել:

Նման զեկույց պատրաստելու պատճառ են հանդիսացել 2010թ. Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում փոքրիկ աղջնակի «ճչացող» հագուստով լուսանկարները, որոնք մեծ սկանդալ են առաջացրել հատկապես Միացյալ Նահանգներում: