Գալուստ Սահակյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ

16:19 • 05.03.12

Մարտի 5-ին Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ դեսպանի խնդրանքով Գալուստ Սահակյանն անդրադարձել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքների հիմնական ուղղություններին:

Նրա գնահատմամբ` օրենսդիր մարմինը պետք է լինի երկրի կայունության հիմնական գործոններից մեկը, և այդ առումով ներկա խորհրդարանը համատեղել է իր ուժերը` դիմագրավելու տնտեսական և ֆինանսական ճգնաժամերը:

Սահակյանն ասել է, որ մի կողմից փորձ է արվել օրենսդրական աշխատանքով բարենորոգելու տնտեսությունը, մյուս կողմից անհրաժեշտություն է առաջացել կայուն պահելու երկիրը` չվնասելով քաղաքական ուժերի ակտիվությանը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ անցած 5 տարիներին խորհրդարանը համագործակցել է գործադիր իշխանության հետ` կյանքի կոչելու տնտեսության զարգացման ծրագրերը: Այդ համագործակցության արդյունավետության մասին են փաստում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրած հաջողությունները, երկրի միջազգային հեղինակության աճը:

Հարցին, թե իշխող կուսակցությունն ինչպես է գնահատում գալիք խորհրդարանական ընտրությունների դերը Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացումների և եվրաինտեգրման ակտիվացման գործում, Գալուստ Սահակյանն ասել է, որ երկրի ժողովրդավարական զարգացումների առումով նախորդ տարիների դրական ձեռքբերումների շարունակականությունը մեծապես պայմանավորված է լինելու Ազգային ժողովի գալիք ընտրություններով:

ՀՀԿ պատգամավորը նաև նշել է, որ որպես իշխող քաղաքական ուժ իրենք շատ լավ են գիտակցում, որ եթե ընտրություններում թերություններ արձանագրվեն, պատասխանատվության մեծ բաժինն ընկնելու է իրենց քաղաքական թիմի վրա: Խախտումները բացառելու նպատակով կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը այժմ բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնելընտրական գործընթացների վրա:

Գալուստ Սահակյանը Զդիսլավ Ռաչինսկուն տեղեկացրել է, որ իրենց ՀՀԿ–ը Ընտրական օրենսգրքի ուսուցում է կազմակերպում վստահված անձերի և ակտիվիստների համար` շատ լավ հասկանալով, որ օրենքի իմացությունը կբացառի կամ գոնե կնվազեցնի խախտումները:

Անդրադառնալով կուսակցության համամասնական ցուցակին` Սահակյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու այս հարցում` ցուցակում ընդգրկելով քաղաքական և օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ունակ, հասարակությանը հայտնի մարդկանց:

Որոշակի փոփոխություններ կլինեն նաև կանանց ներգրավվածության առումով:
«Մեր կուսակցությունը շատ լավ է գիտակցում գալիք ընտրությունների դերն ու դրանք արդար անցկացնելու կարևորությունը, ուստի կողջունի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն կունենան աջակցելու ընտրությունների վերահսկողությանը»,- ասել է Գալուստ Սահակյանը: