Anonymous-ի հաքերները «ուղղել են» Հունգարիայի Սահմանադրությունը
Anonymous միջազգային հաքերական խմբավորման անդամները կոտրել են Հունգարիայի Սահմանադրական դատարանի կայքը և որոշ «ուղղումներ» մտցրել սահմանադրության տեքստում:
Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայն»-ը ` վկայակոչելով All Hungary մեդիախմբի պորտալին, հաքերները, մասնավորապես, տեքստում ավելացրել են սահմանադրական կետ, որի համաձայն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր աշխատակիցները կարող են թոշակի անցնել արդեն 32 տարեկանում: Միևնույն ժամանակ, նրանց կենսաթոշակի չափը կարող է հավասարվել տվյալ մարդու ստացած աշխատավարձի նվազագույնը 150%-ին:
Մեկ այլ փոփոխության համաձայն` հաքերներն ու ինտերնետ- հանրության շարքային անդամները պետք է պայքարեն «պետությանն ուղղված ներքին ու արտաքին սպառնալիքների դեմ»:
«Մարդիկ իրավունք ունեն ըմբոստանալ բռնապետությանն ու չեզոքացնել այն», - ասվում է Սահմանադրության «նոր» տարբերակում:
Պորտալի համաձայն` ներկայում կայքը վերականգնել է իր աշխատանքը, իսկ փոփոխությունները հանվել մայր օրենքի տեքստից:









