Ինչո՞ւ են «Հայոց արծիվները» երթևեկում ԲՀԿ–ի տրանսպորտով. մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը

12:29 • 05.03.12

«750–ից ավելի տրանսպորտային միջոցներ Հայաստանի բոլոր մարզերի 220 համայնքներից «Հայոց արծիվներ» ՀԿ–ի ավելի քան 12 000 անդամների են բերել Երևան»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով համացանցում հայտնված լուսանկարը, որի վրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը կրող երթուղիների վրա փակցված է «Հայոց արծիվներ» ՀԿ–ի անունը։

Ասրյանի խոսքով՝ տրանսպորտային բոլոր միջոցները վարձակալվել են, անգամ որոշ համայնքներում տրանսպորտի սղություն է եղել և դիմել են այլ համայնքներին։ «Ես ուզում եմ մի բան հստակ փաստել, որ տրանսպորտային բոլոր միջոցները վարձակալված են եղել, թե դրանց վրա որ կուսակցության անունն է գրած եղել, ինչ գովազդ է եղել, չգիտեմ, դա ինձ չի էլ հետաքրքրում, կարևորն այն է, որ այդ տրասնպորտային միջոցների համար վճարվել է»,– նշեց ՀԿ–ի նախագահը։ Նրա դիտարկմամբ՝ տրանսպորտային միջոցների վրա կարող էին գրված լինել շատ այլ անուններ, այլ գովազդներ։

Նկատենք, որ համացանցում հայտնված հիշյալ լուսանկարը բուռն քննարկման առիթ է դարձել։