Հենրիկ Իգիթյանը այսօր կդառնար 80 տարեկան
Արվեստագետ Հենրիկ Իգիթյանը այն նվիրյալներից էր, որոնք հավատում էին արվեստի ուժին և հասկանում, որ հայ ժողովրդին պահողը լինելու է մշակույթը: Հենրիկ Իգիթյան մտավորականին այսօր այսպիսի գնահատական տվեց նրա եղբայր Լևոն Իգիթյանը՝ արվեստագետի ծննդյան օրվա առիթով հիշատակի տուրք մատուցող մի խումբ մտավորականների ու լրագրողների հանդիպմանը:
Ընկերները պատրաստ են Հենրի Իգիթյան մարդու և արվեստագետի մասին խոսել անվերջ:
«Եթե Հենրիկ Իգիթյանը Ճարտարապետ լիներ, ապա կբարգավաճեր ճարտարապետությունը, եթե բժիշկ լիներ, ապա՝ բժշկությունը»,-սա էլ Հենրիկ Իգիթյանի համախոհ և ընկեր Յակով Զարգարյանի գնահատականն է:
Նրա խոսքով՝ արվեստագետը ապրում և ստեղծագործում էր, ինչպես ինքը ձևակերպեց՝ «ծաղկում էր» ծանր ժամանակներում , սակայն նա բոլորին ստեղծագործելու ուժ էր տալիս՝ առանց հաշվի առնելու, որ կոմունիստական հասարակարգում կար գրաքննություն, և ամեն ինչ վերահսկվում էր:
Հենրիկ Իգիթյանի եղբայրը` Լևոն Իգիթյանը վիրավորված էր ասուլիսին ներկա լրագրողների քանակից: «Մի դատարկախոս հռետոր որ լիներ, ազգից ու երկրից խոսեր, կգային շատ»,- ասաց Լևոն Իգիթյանը:
Գնահատելով նկարչի դերն ու նշանակությունը մշակույթի մեջ՝ Լևոն Իգիթյանը նշեց. «Նկարիչների լուման մեր արվեստի մեջ անգնահատելի է: Կգա ժամանակը, երբ սա արդեն բոլորը կհասկանան»:
Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն էլ պատմեց, որ Հենրիկ Իգիթյանին երբեք զայրացած չի տեսել: «Զարմանալի մարդ էր, ոչ ոքի վրա գոնե մեկ անգամ չգոռաց»,- ասաց Ռոբերտ Էլիբեկյանը՝ հավելելով, որ իր համար Հենրիկ Իգիթյանը միշտ ներկա է:
Արվեստագետի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր նրա մտերիմները կայցելեն գերեզմանատուն, որտեղ կտեղադրվի Հենրի Իգիթյանի հուշաքարը:










