ՀՀԿ-ն կունենա իրեն արժանավայել համամասնական ցուցակ. Հովհաննես Սահակյան

14:01 • 05.03.12

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա ՀՀԿ–ին արժանավայել համամասնական ցուցակ՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով գործարարներից, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀԿ –ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորն ասաց, որ ցուցակը կկազմվի արդեն նշված սկզբունքների հիման վրա: «Ցուցակում կլինեն նոր մարդիկ, իսկ կուսակցության համագումարից հետո, երբ քննարկումները կավարտվեն, այն բոլորին արդեն հասու կլինի, որից էլ կարող են հետևություներ անել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ առաջիկայում ՀՀԿ-ն այլ կուսակցությունների թվում պետք է հրապարակի ԱԺ ընտրություններին մասնակցության իր համամասնական ցուցակը:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտարակարգով իրենց գործարար գործընկերների աջակցելուն, ապա Հովհաննես Սահակյանը նկատեց, թե Սահմանադրությունը սա թույլ է տալիս , և իրենք չեն կարող որևէ մեկի առաջադրվելուն խոչընդոտել: «Քանի որ նույն գործարար համբավ ունեցող մարդիկ, լինելով երկարատև շրջան մեր թիմի անդամ, պարզ է, որ ՀՀԿ-ն սատարելու է նրանց»,– ասաց նա:

Միևնույն ժամանակ ՀՀԿ պատգամավորը կանխատեսեց, որ հաջորդ գումարման ԱԺ-ն որակապես մեկ քայլ առաջ կլինի նախորդից և հավելեց, որ այս խորհրդարանը կունենա «գաղափարական հենքի վրա առաջադրված» ներկայացուցիչներ, ինչը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նշանակում է՝« քաղաքական առումով կլինի ավելի բարձր կլաս»:
Կոնկրետ ՀՀԿ-ի ներսում դաշինքների ու միավորումների մասին Հովհաննես Սահակյանը չխոսեց, սակայն ողջունեց նման գործընթացները:

«Այն քաղաքական ուժերը, որոնք չունեն ռեսուրսներ ընտրություններին առանձին մասնակցելու և հաջողություն ունենալու համար, պետք է ճիշտ կողմնորոշվեն, և ողջունելի կլինի, որ դրանք լինեն գաղափարի միավորումներ, հանուն մեր երկրի ապագայի, այլ ոչ թե ընդդեմ որոշ գործընթացների»,- ասաց Հովհաննես Սահակյանը: