Ինչի՞ է հասել Ադրբեջանը, բացի Խոջալուի դեպքերը սխալ ներկայացնելուց. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Ադրբեջանցիների քարոզչությունը Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից ոչ մի ազդեցություն չունի, քանի որ ՄԱԿ-ում կա մի սահման, որը ոչ ոք չի կարող հատել:
Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանը՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության և Կրթության միջազգային ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված կոնֆերանս-քննարկմանը, որը նվիրված էր ՀՀ-ի ՄԱԿ-ին անդամակցության 20- ամյակին:
Ըստ դիվանագետի՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու առաջին իսկ օրվանից խոսել է Հայաստանի դեմ, սակայն լուրջ հաջողությունների չի հասել:
«Ինչի՞ է հասել Ադրբեջանը, բացի Խոջալուի դեպքերը սխալ ներկայացնելուց: Միայն ընտրվելը ահռելի գումարներ է արժեցել Ադրբեջանի նման մի երկրի համար, որը ոչինչ չունի առաջարկելու»,-ասաց դիվանագետը:
Կոնֆերանս-քննարկմանը ներկա երիտասարդ դիվանագետներից Էլիզա Գևորգյանը Լիլիթ Թութխալյանին հարցրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար:
«Լիահույս եմ, որ ամպագորգոռ հայտարարություններից բացի Ադրբեջանը ոչինչ անել չի կարող: Այդ նույն խորհրդում կան այնպիսի երկրներ, որտեղ որևէ նորելուկ պետություն չի կարող իրենը թելադրել»,-ասաց նա:









