Մոսկվայի Պուշկինի հրապարակում ձերբակալություններ են սկսվել (տեսանյութ)

22:00 • 05.03.12

ՌԴ մայրաքաղաքի Պուշկինի հրապարակում, որտեղ «Հանուն արդար ընտրությունների» խորագրով բողոքի ցույցն էր ընթանում, այն բանից հետո երբ ցույցը պաշտոնապես ավարտված էր հայտարարվել, իրավապահներ սկսել են մասնակիցներին ձերբակալել, այս մասին տեղեկացնում է Life News-ը:

Московские новости պարբերականը, ավելի վաղ հաղորդել էր, որ բողոքի ցույցի վայրում բախումներ են սկսվել ոստիկանության և ծայրահեղ տրամադրված` ոստիկանների ուղղությամբ ծխառումբեր և լուսաձայնային հատուկ միջոցներ նետած ընդդիմադիրների միջև: Дождь-ը իր հերթին նույնպես հաղորդում է, որ ձերբակալված է ծխառումբ նետած անձը, իսկ ընդանուր ձերբակալվածների թիվը հասնում է 15-ի:

«Հանուն արդար ընտրությունների» ցույցի կազմակերպիչներից մեկը`Սերգեյ Ուդալցովը հարթակից հայտարարել է, որ հրապարակը չի լքի քանի` դեռ Վլադիմիր Պուտինը հրաժարական չի տվել:

Ուդալցովի հետ հրապարակում են մնացել մոտ 1000 մարդ, այդ թվում Իլյա Յաշինը և Ալեքսեյ Նավալնին: Ամբոխը սկսել է վանկարկել. «12 տարի – շնորհակալ ենք, ոչ», «Մենք չենք հեռանա», «Մեկը բոլորի համար, բոլորը մեկի»:

«Ուդալցովը հավաքվածներին սադրիչ գործողությունների և իրավապահներին չհնազանդվելու կոչեր է անում», - հայտարարել է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի վարչության ներկայացուցիչը: