Իրանի նկատմամբ ճնշումները հնարավոր է պտուղներ տան. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Վաշինգտոնում ազդեցիկ ամերիկյան AIPAC (American-Israel Public Affairs Committee) հրեական լոբբիի առաջ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգ չի առնի անհրաժեշտության դեպքում ուժի գործադրման հարցի առաջ` Իրանի` միջուկային զենք ունենալը կանխելու համար: Ըստ BBC- ի ռուսական ծառայության` նա հավելել է, որ դիվանագիտական ջանքերը դեռ կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի:
Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները, այդ թվում` Իսրայելը, Արևմուտքի ու Իրանի հարևան որոշ արաբական երկրներ, կասկածում են Իրանին միջուկային զենքի ստեղծման աշխատանքների մեջ, իսկ Իսլամական Հանրապետությունը պնդում է որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
Վերջին ժամանակներում Իրանի շուրջ լարվածության պատճառով տեղեկություններ են շրջանառվում, որ Իսրայելը, Միացյալ Նահանգների օգնությամբ կամ առանց դրա, կարող է հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:
«Ես մեկ անգամ չէ, որ հասկացնել եմ տվել, որ կանգ չեմ առնի ուժի գործադրման առջև, եթե դա անհրաժեշտ լինի Միացյալ Նահանգների ու նրա շահերի պաշտպանության համար»,- ասել է Օբաման:
Միևնույն ժամանակ Ամերիկայի նախագահն ընդգծել է, որ Իրանն այժմ մեկուսացման մեջ է, և «հավանականություն կա, որ ճնշումներով ուղեկցվող դիվանագիտությունը կտա իր պտուղները»:
«Այժմ շատ են հնչում պատերազմի մասին դատարկ խոսակցություններ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նման խոսակցություններն իրանական ղեկավարության օգտին էին, քանի որ նպաստում էին նավթի գնի բարձրացմանը, որից էլ կախված է իրենց (Իրանի) միջուկային ծրագրի ֆինանսավորումը», - ասել է նախագահը:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով նույնպես ելույթ է ունեցել AIPAC-ի համաժողովում, Իրանին անվանել է «աշխարհի սպառնալիք»: Ըստ նրա` Իրանը «վնասակար, դաժան ու բարոյապես կոռումպացված ռեժիմ ունի», որը փորձում է Մերձավոր Արևելքն առնել հսկողության տակ:









