Իրանում մահվան դատապարտված ամերիկացու դատավճիռը չեղյալ է համարվել

21:22 • 05.03.12

Իրանի գերագույն դատարանը չեղյալ է համարել ամերիկացի Ամիր Միրզա Հեկմաթիի (Amir Mirza Hekmati) մահվան դատավճիռը ևր գործը ուղարկել է վերանայման, հաղորդում է Reuters-ը հղում կատարելով Fars գործակալությանը:

28-ամյա Հեկմաթին Իրանում ձերբակալվել էր 2011թ. օգոստոսին, ձերբակալման վերաբերյալ տեղեկությունները տարածվել էին դեկտեմբերին:

Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր նրա ինքնախոստովանական ցուցմունքները` որտեղ նա հայտարարում էր, թե ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է:

Մեղադրող կողմի պնդմամբ, նա պետք է ներդրվեր ուղարկվեր իրանական հետախուզություն հետագայում ապատեղեկատվություն հաղորդելու համար: 2012թ. հունվարի 9-ին Հեկմաթին դատապարտվել էր մահվան:

ԱՄՆ Սպիտակ տունը և պետդեպարտամենտը հայտարարել են, որ Հեկմաթին գործակալ չէ և պահանջել նրան անհապաղ ազատ արձակել:

Երիտասարդի բարեկամները պնդում են, որ նա Իրան էր մեկնել տատիկին տեսակցելու նպատակով: