Պուտինը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, հիմնվելով կիրակի անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալների վրա, վարչապետ Վլադիմիր Պուտինին հայտարարել է Ռուսաստանի ընտրված նախագահ:
Vz.ru-ի համաձայն` արձանագրությունների 99.3% ամփոփումից հետո, Պուտինն առաջատար է` 63.75% քվեով, հաջորդում է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը` 17.19%-ով, այնուհետև գործարար Միխայիլ Պրոխորովը` 7,82%-ով, Լիբերալ- Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 6.23%-ով: Հնգյակը 3.85%-ով եզրափակում է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը: Ընտրություններին մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 65.3%:
Պուտինին ռեկորդային աջակցություն են հայտնել Հյուսիսայում Կովկասում: Մասնավորապես` Դաղստանում նրա օգտին քվեարկել է ընտրողների 92.85%-ը, մոտավորապես նույնքան` Ինգուշեթիայում, Իսկ Չեչնիայում` մոտ 100%-ը:
Ընտրությունների արդյունքներն ընդունել ու Պուտինին շնորհավորել են նրա մրցակիցները` Վլադիմիր Ժիրինովսկին ու Սերգեյ Միրոնովը: Զյուգանովը դրանք կեղծ է համարել, իսկ Պրոխորովը նշել է, որ իր շտաբը զբաղված է ընտրախախտումների ուսումնասիրմամբ, ինչից հետո միայն կասի` ընտրությունները կեղծ են եղել, թե ոչ:
Ընտրությունների ընթացքին հետևած ԱՊՀ դիտորդները դրանք ՌԴ օրենսդրությանը համապատասխան են համարել: ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Նաուրըզ Այդարովը լրագրողներին հայտնել է, որ ընտրությունները եղել են թափանցիկ ու մրցակցային:
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը մարտի 4-ին անցկացված ՌԴ նախագահական ընտրությունները գնահատում է թափանցիկ, որոնք անցկացվել են բաց մրցակցության պայմաններում և ժողովրդավարական նորմերին համապատասխան»,- ասել է նա:









