Ռաֆիկ Պետրոսյանն էլի դեմ կքվեարկի, եթե արտակարգ դրության մասին օրինագիծը մնա այդ տեսքով

14:18 • 05.03.12

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին «դեմ քվեարկած» Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երկրորդ ընթերցման ժամանակ էլ դեմ կքվեարկի, եթե օրինագիծը չփոփոխվի:

Այսօր «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ բանավեճում Ռաֆիկ Պետրոսյանը մանրամասնեց, թե հատկապես որ կետի վերաբերյալ սկզբունքային առարկություններ ունի:

«Ես կողմ եմ այդ օրենքին, բայց այնտեղ դրույթ կա, որ բանակը կարող է հանդիսանալ միջոց՝ խանգարելու հանրահավաքները, իսկ բանակը չի կարող լինել քաղաքական ուժի համար գործիք: Ես դա եմ ասում, և հիմա էլ խմորումները դեռ գնում են»,– իր դիրքորոշումը բացատրեց պատգամավորը:

Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ իր գործընկերներից շատերը նման դիրքորոշում ունեն, քանի որ մոտեցել են և ասել, որ նա ճիշտ է, սակայն ի տարբերություն Ռաֆիկ Պետրոսյանի, նրան ցանկացած ձևով չեն կարող քվեարկել: «Մեր կուսակցությունում էլ կան մարդիկ, ովքեր անում են այնպես, որ միայն իշխանություններին դուր գան, և կան մարդիկ, ովքեր գաղափարապես են գործում»- նշեց ՀՀԿ–ական պատգամավորը։

Հարցին, թե արդյոք այդ քայլով ինքն իրեն չհեռացրեց կուսակցությունից և չզրկեց ապագա խորհրդարանում մանդատ ունենալու հնարավորությունից, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց՝ ասելով, որ ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ է լինելու:
Փոխարենը, այդ մասին գիտի պատգամավոր Աղասի Արշակյանը. «Ես լավ արդեն գիտեմ պարոն Պետրոսյանը չի լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, ինքն էլ այդ մասին դեռ չի իմանում»,- նշեց Աղասի Արշակյանը, ով գալիք խրհրդարանական ընտրություններին առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով:

Ամեն դեպքում նա ողջունում է Ռաֆիկ Պետրոսյանի այդ քայլը և նշում, որ պատգամավորը միշտ պետք է այդպիսին լինի: