Քաղաքական բուրգը և նրա ընդդիմադիր կոչվող ուժը ենթարկվում է մի մարդու. «Սարդարապատ»

13:28 • 05.03.12

Լուսանկարը` aravot.am-ի

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար ներկայացուցիչները շարունակում են առաջարկել ստեղծել այլընտրանքային իշխանություն: Նրանք հույս չունեն, որ առաջիկա ԱԺ ընտրությունները կանցնեն արդար ու թափանցիկ՝ ելնելով նախորդ բոլոր ընտրություների փորձից:

Այսօր «Քաղաքագետների միությունում» հրավիրված քննարկմանը նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ հույս ունենալ, որ Հայաստանի համար ընտրությունները նոր հեռանկար կստեղծեն, ըստ նրա՝ առնվազն անպատասխանատու մոտեցում է:

«Մեր երկրի հեռանկրաները գնալով նեղանում են և մենք մտնում ենք ոչ միայն տնտեսական, այլ նաև համակարգային ճգնաժամ: Մեր ազգային նավը դեգերում է առանց որևէ նպատակի»,-նշեց նա:

Նա հստակեցրեց, որ ընտրություններին չմասնակցելու Սարդարապատի առաջարկը ոչ թե կեղծ ընտրության ուղղակիորեն, դասական իմաստով բոյկոտելն է, քանի որ, ըստ նրա, դա նույնպես փակուղի է, այլ «Սարդարապատի» անունից առաջարկում է այլընտրանքային հարթակ: «Այն է այլընտրանքային իշխանության ստեղծումը»,- ասաց նա:

«Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ մեր երկրում տիրող քաղաքական դաշտը «ճահճի է վերածվել ստրկամիտ քաղաքական ներկայացուցիչների ի հայտ գալու պատճառով»: «Քաղաքական բուրգը և նրա ընդդիմադիր կոչվող ուժը ենթարկվում է մի մարդու, որի անունն է Սերժիկ Սարգսյան: Մենք պետք է սթափվենք և ճահիճից դուրս գալու լուծումներ գտնենք»,-նշեց նա:

Ժիրայր Սեֆիլյանը հարցադրեց, թե ինչն է մեզ խանգարում, որ «այս անօրեն իշխանության զուգահեռ ձևավոևել օրինական իշխանություն»: Նա իր հարցադրմանը պատասախանեց. «Ժամանակն է եկել սենդափոխության, ոչ միայն տարիքային, այլ իմաստային առումով»: