Անկարան Սարկոզիին չի կարողանում ներել. Ֆրանսիայի նախագահը չի հրավիրվել Ստամբուլում կայանալիք համաժողովին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մարտի վերջին կայանալու է «Սիրիայի բարեկամները» խորագրով երկրորդ համաժողովը:
Ինչպես հաղորդում են թուրաքկան լրատվամիջոցները, համաժողովի օրակարգում Սիրիայի հարցն է, այդ երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:
2011թ. մարտից Սիրիայի տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 8000 մարդ է զոհվել: Այդ առնչությամբ Արաբական երկրների լիգան (ԱԵԼ), ինչպես նաև Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի իշխանությունների նկատմամբ:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրքական կողմը համաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, թե թուրքական կողմը Սարկոզիին Ստամբուլում «անցանկալի հյուր է» համարում` հաշվի առնելով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ նրա որդեգրած քաղաքականությունը (Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, դրանից հետո Սարկոզին կառավարությանը հրահանգեց նոր օրինագծի տեքստ պատրաստել):
Հանդիպմանը Ֆրանսիան ներկայացնելու է արտգործնախարար Ալեն Ժյուպեն:
«Սիրիայի բարեկամները» խորագրով առաջին համաժողովը տեղի ունեցավ Թունիսում` փետրվարի 24-25-ը: Համաժողովին 60 մարդ էր մասնակցել: Առաջին հանդիպումը կոչված էր համակարգել «հակաասադական կոալիցիայի» երկրներին` Սիրիայի ընդդիմությանն արտաքին օգնություն տրամադրելու ձևերի ու չափերի հարցում:
Առաջին համաժողովին հրավիրված էին նաև Սիրայի հարցում արտաքին միջամտությանը կտրականապես դեմ հանդես եկող Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք, սակայն, չէին մասնակցել հավաքին: Երկրորդ համաժողովին նրանք ևս հրավիրված են:









