Մեր գործընկերը կարողացավ անցկացնել ազատ ընտրություններ. ՀՀԿ մամուլի խոսնակ
Մարտի 4-ին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններն անցել են ռուսաստանյան օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում Մոսկվայից հեռախոսով հայտնեց ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում ՌԴ մեկնած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա հաղորդմամբ՝ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ԱՊՀ ԽՎ դիտորդական խումբը ՌԴ –ում անցկացված վերջին ընտրությունները որակել է «հիմնականում որպես ժողովրդավարական»:
Անձամբ ՀՀԿ մամուլի խոսնակը ընտրությունների ընթացքը դիտարկել է ՌԴ շուրջ 20 ընտրատրատեղամասերում՝ Սանկտ–Պետերբուրգ և Վիբորգ քաղաքներում: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հիմնականում դիտորդները բախվել են տեխնիկական բնույթի խնդիրների:
«Շատ ուրախ ենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ»,-ամփոփեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նշենք, որ ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում ՌԴ մեկնած հայ պատգամավորների թվում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մասնակցության հրավեր է ստացել «Բարավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն խմբակցության պատգամավորներ Արամ Սաֆարյանը և Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել են ՌԴ մեկնել՝ ԲՀԿ նախընտրական շտաբի աշխատանքների ծանրաբեռնվածության պատճառով:
Նշենք, որ ՌԴ-ում դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և համակարգչային տեխնոլոգիաների ու վերլուծության բաժնի պետ Ելանա Այվազյանի մասնակցությամբ: ԿԸՀ անդամների գնահատականները կներկայացվեն նրանց Հայաստան ժամանելուց հետո:









